Հայաստանի տնտեսությունը զարգացման դրական միտումներ չի դրսեւորում:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 22-ին նման տեսակետ հայտնեց Հայ ազգային ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ տնտեսության մասին գործող կառավարության բոլոր խոստումները այդպես էլ մնում են չիրականացած: Ըստ Բագրատյանի` Հայ ազգային կոնգրեսը իշխանությունների հետ տնտեսական հարցերի շուրջ բանակցելու անհրաժեշտություն չունի, քանի որ արդեն իսկ հրապարակել է տնտեսության  վերաբերյալ իր «100 քայլ» ծրագիրը, որում մանրամասն ներկայացված է տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկները: «Կենսաթոշակային ծրագիրը մենք հրապարակեցինք, ասացինք` տղա, էդ ձեր կենսաթոշակային ծրագիրը չի աշխատի, մի’ գնացեք Ռուսաստանի ճանապարհով:  Պետությունը չի կարող կորպորատիվ կենսաթոշակ տալ աշխատողին, դա պետք է անի գործատուն: Սակայն ոչ մի արձագանք»,-նկատեց Բագրատյանը:

Նա ի թիվս ՀԱԿ-ի կողմից ներկայացված ծրագրերի` նշեց նաեւ առողջապահությանը,  հանրակրթությանը, բարձրագույն կրթությանը, գիտությանը վերաբերող ծրագրերը:  Պատրաստ է եւ շուտով կհրապարակվի նաեւ արդյունաբերության մասին ծրագիրը: Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված աճին, Բագրատյանը դժգոհեց, որ այդտեղ աշխատում են օֆշորային գոտում գրանցված ընկերությունները, ինչը, նրա գնահատմամբ անթույլատրելի է: «Դրել ու բռնաբարում ենք հանքերը: Ոչ մի օֆշոր հանքարդյունաբերությունում չպիտի աշխատի: Օֆշոր կարող է աշխատել միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,-նկատեց Բագրատյանը` բացատրելով, թե օֆշոր` նշանակում է` չգիտենք ով է շահագործում հանքը, որտեղ է վաճառում հանքանյութը եւ ինչ գնով:

«Ո՞վ է թույլ տալիս այսպես վարվել պղնձի, մոլիբդենի, տուֆի, բազալտի հետ: Մենք «100 քայլում» գրել ենք, որ ամեն տարվա վերջում ԱԺ-ն բյուջեն հաստատելու հետ միաժամանակ պետք է հաստատի նաեւ հանքի վաճառքի գինը, ինչպես նաեւ ֆորմուլան, թե (հանքանյութի) համաշխարհային գների փոփոխության  դեպքում որքան է կազմելու պետության հասանելիքը: Այդ ժամանակ մենք երկիր կդառնանք եւ կունենանք 5 միլիարդ դոլարանոց բյուջե»,-նկատեց  Բագրատյանը: Նրա խոսքով, տնտեսագիտական այս նրբությունները ասուլիսին ներկա լրագրողներն ավելի լավ գիտեն, քան ՀՀ նախագան Տիգրան Սարգսյանը:

Նախկին վարչապետի խոսքով, գործող վարչապետի  անգործության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը գլորվում է անդունդը. եթե 2008 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն աշխարհում 114-րդ տեղում էր, ապա այժմ` 144-րդ: «Մնաց 30 երկիր, որ լրիվ վերջին տեղը հասնենք: Եթե երկու տարի այսպես շարունակվի, ապա Աֆղանստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով մեզ կանցնի»,-կանխատեսեց Բագրատյանը: