Երեւանում հունիսի 24-ին՝ ժամը 19.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագիրը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է երիտասարդների նկարների միջոցով փոխանցել նրանց պատկերացումն առողջության եւ հիվանդության փխրուն սահմանի վերաբերյալ։
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողները նկարների միջոցով կփորձեն ներկայացնել կյանքն իրենց պատկերացումներով։ Թեմատիկ նկարներով երիտասարդները հանրության ուշադրությունը կսեւեռեն այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երեւույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն եւ սպառնալ կայուն զարգացմանը։
«Նկարում ենք կյանք» խորագրով միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Արմենոիդս» խումբը:
Միջոցառման ավարտից հետո ուսանողների նկարները կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների:




























