Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 23-ին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին, Արման Սահակյանը փորձառու գործիչ է, ունի կառավարման հարուստ փորձ, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, եւ դա այն բանի գրավականն է, որ նոր պաշտոնում նա կկարողանա արդյունավետ կազմակերպել եւ իրականացնել աշխատանքները:
«Այդ տեսակետից ես ցանկանում եմ շնորհավորել Արման Սահակյանին այս պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ եւ մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Համոզված եմ, որ աշխատանքային կոլեկտիվը կստեղծի այն մթնոլորտը, որը հնարավորություն կտա պարոն Սահակյանին միանգամից անցնել իր պարտականությունների կատարմանը: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կիրակոսյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Բավական մեծ բեռ էր դրված տիկին Կիրակոսյանի ուսերին, եւ մենք կարողացանք համատեղ ջանքերով բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Մենք հարգել ենք տիկին Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու դիմումը եւ ցանկանում եմ կառավարության եւ իմ անունից շնորհակալություն հայտնել նրան համագործակցության եւ կատարված աշխատանքների համար»,- նշել է վարչապետ Սարգսյանը:
Կարինե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել Արման Սահակյանին:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանը նշել է, որ իրականացնելու է բոլոր ծրագրերը եւ կառավարության կողմից կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ ջանքեր է գործադրելու ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Նշենք, որ Արման Սահակյանը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին է:




























