Հայազն երիտասարդների միաբանության անդամները բողոքի նախազգուշական նստացույց եւ երթ են կազմակերպելու Երեւանում` Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսի 24-ին կայանալիք հանդիպումից առաջ:
Այդ առնչությամբ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մենք` Հայազն երիտասարդների միաբանության անդամներս, խորապես մտահոգված եւ վրդովված ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների, փորձագետ ներկայացողների այն հայտարարություննեով, որոնք հնչում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Կազանում կայանալիք հանդիպումից առաջ, չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:
Այդ շարքում հատկապես մտահոգիչ են Տիգրան Սարգսյանի` Վիեննայում, եւ Էդվարդ Նալբանդյանի` արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո արած հայտարարությունները, իսկ հիմա նաեւ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը: Նրանք բոլորը շարունակում են միաձայն պնդել, թե պաշտոնական Երեւանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան սկզբունքները եւ պատրաստ է Բաքվի հետ դրանց վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել Կազանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի, խնդրով զբաղվող միջազգային օղակների մեկնաբանություններից հայտնի է, որ ստորագրության նախապատրաստվող փաստաթուղթը պարունակում է հանձնարարություն արտաքին գերատեսչություններին պատրաստելու հաշտության համաձայնագրի վերջնական տարբերակը, որը կներառի Արցախի հարավում եւ արեւելքում ավելի քան չորս հազար քառ.կմ տարածքի առաջնահերթ հանձնում հակառակորդին, Քարվաճառի աստիճանական հանձնում եւ «վերջին փուլում միջանցքի (Բերձորի հատվածի) կարգավիճակի որոշում»: Համաձայնագրի մեջ կան այլ անընդունելի կետեր կապված Շուշի քաղաքում եւ մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանցի թուրքերի բնակություն հաստատելու, հայկական զորքերի փոխարեն խաղաղապահների տեղակայման, նաեւ Արցախում հաստատված թուրքերի մասնակցոությամբ նոր, անիմաստ հանրաքվեի մասին:
Բոլոր այս կետերը բացարձակապես մերժելի են: Դրանց ստորագրումը կկործանի Արցախը, կկործանի ողջ Հայաստանը, կկործանի հայ ժողովրդին: Վճռական ենք եւ վստահ ենք, որ մեր սերունդը դա թույլ չի տա:
Մենք դատապարտում ենք, ոչ միայն ենթադրյալ ստորագրությունը պարտվողական որեւէ փաստաթղթի ներքո, այլեւ նախնական այն բոլոր հայտարարությունները, պարտավորությունները, գործաղությունները, որոնք նախապատրաստում եւ մոտեցնում են կործանարար հանգուցալուծումը:
Մենք նաեւ դատապարտում ենք ազգային դիմադրությունը կանխելու նպատակով ժողովրդի վրա կիրառվող քարոզչական ճնշումը, մասնավորապես, պատերազմով վախեցնելու, այն որպես ստորացուցիչ խաղաղության միակ այլընտրանք ներկայացնելու, ինչպես նաեւ Բաթվի ռազմական առավելության մասին խոսակցություններով բարոյալքելու փորձերը:
Միջազգային հզոր ճնշման մասին ենթադրությունները, որոնց բացարձակապես չենք հավատում, ոչ մի կերպ չեն նվազեցնում պաշտոնատար անձանց, տարաբեւեռ քաղաքական ուժերի, ողջ հին քաղաքական վերնախավի հավաքական եւ անձնավորված պատասխանատվությունը:
Հիմնվելով վերը շարադրվածի վրա մենք կազմակերպել ենք բողոքի նախազգուշական նստացույց եւ վճռական ենք շարունակելու մեր պայքարը հնարավոր հակահայ զարգացումների պարագայում»:
Նշենք, որ երթը հունիսի 24-ին ժամը 10-ին Կոմիտասի արձանի մոտից կշարժվի դեպի նախագահական նստավայր, որտեղ կհանձնվի հայտարարությունը, ապա կշարժվի դեպի ԱԳՆ շենք, որտեղ նստացույց տեղի կունենա:




























