ԵԽԽՎ լիագումար նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած իր հարցի ժամանակ հակասեց իրեն՝ ասելով, որ Հայաստանն ավտորիտար երկիր է. եթե Հայաստանն իրոք ավտորիտար երկիր լիներ, ընդդիմության ներկայացուցիչն այդ պատվիրակությունում ուղղակի չէր լինի։

Հունիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով երեկվա ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի եւ Սերժ Սարգսյանի հարցուպատասխանին։

«Այն, թե ինչո՞ւ Փոստանջյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից Հայաստանի՝ ավտորիտար լինելու մասին հարց հնչեցրեց, թողնում եմ «Ժառանգություն» կուսակցության, Րաֆֆի Հովհաննիսյանի քննարկմանն ու խղճին։ Ամեն դեպքում, հարցը հնչեց,  հնչեց նաեւ պատասխանը»,- նկատեց խորհրդարանականը։

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային՝ Հրայր Կարապետյանն ընդգծեց, որ չի ընդունում մի գործընթաց, որը ժողովրդից գաղտնի է պահվում։ «Չգիտեմ՝ կա՞արդյոք երկխոսություն, սկսվե՞լ է արդյոք նման գործընթաց։ Մի բան է միայն պարզ. եթե անգամ երկխոսություն կա, ապա այն կամ այս բանակցությունների մեջ չներգրավված ուժերի դեմ է, կամ՝ գաղտնի պայմանավորվածությունների շարք։ Ամեն դեպքում, ՀՅԴ-ն ասել եւ ասում է, որ իր կողմից այս գործընթացի հանդեպ խանդի տեսարանները բացառվում են»,- հավաստիացրեց պատգամավորը։

Կարապետյանը միաժամանակ դժվարացավ ասել՝ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ լիագումար նիստում հայտնած մտքից հետո, թե Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի, ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Հայ ազգային կոնգրեսը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, թե իշխանություններ հետ բանակցությունների պատրաստ է գնալ բացառապես արահերթ ընտրությունների հարցի շուրջ։

Նշենք նաեւ, որ երեկ՝ հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրել է, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ եւ րտահերթ արդար ընտրություններ անցկացնել, քանի որ նա ավտորիտար ղեկավար է եւ, միեւնույն է, բոլոր ավտորիտար ռեժիմներն էլ տապալվելու են: Ի պատասխան, Հայաստանի նախագահը բացառել էր երկրում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։