Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը պատրաստվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղում գտնվող իրեն պատկանող հողատարածքում առաջիկայում սկսել ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Առայժմ կսկսվեն համապատասխան ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Միքայելյանը:
Այդ տարածքը, ինչպես հայտնի է, կառավարության 2010 թվականի որոշմամբ ճանաչել է հանրային գերակա շահ` փոխելով հողի կատեգորիան, որտեղ արաբ մի շեյխ մտադիր է շշալցման գործարան կառուցել:
«Կառավարությունն օգտագործելով իրավիճակը, իմ անազատության մեջ գտնվելու հանգամանքը, որոշել է խլել ինձանից իմ հողը, որը ձեռք եմ բերել աճուրդով: Ե’ս եմ հող հետ վերցնելու մասնագետը, եկել, ինձանից ուզում են հո՞ղ խլեն: Ես ոչ մեկին թույլ չեմ տա ինձ քցել»,-նշեց Միքայելյանը:
Նա նշեց, որ ժամանակի սղության պատճառով դեռեւս չի հանդիպել տարածքի նոր համասեփականատիրոջ` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր, ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանին, ով շշալցման գործարանը կառուցելու է արաբ մի շեյխի հետ համատեղ: Միքայելյանն ասաց, որ առաջիկայում պլանավորում է հանդիպել նրան, ընկերավարի զրույց ունենալ եւ խորհուրդ տալ. «Հեռո’ւ մեր հողերից»:
Սասուն Միքայելյանը նշեց նաեւ, որ եթե տարածքի սեփականատերերը մտադիր էին շշալցման արտադրամաս կառուցել, ապա կարող էին նոր շինարարություն սկսելու փոխարեն շահագործել տարածքի մոտակայքում գտնվող եւ տեւական ժամանակ պարապուրդի մատնված համապատասխան գործարանը:
Նշենք, որ Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի մի մասը փոխադրել այլ կատեգորիա` շշալցման գործարանի եւ օժանդակ կառույցների շինարարության համար: Նշված հողերը գյուղացիները օգտագործում էին որպես ցանքատարածք եւ եկամուտ ստանում:
Սասուն Միքայելյանը կառավարության որոշումը բողոքարկել է դատարանում:
Ի դեպ, NEWS.am-ը փորձել է ճշտել Սասուն Միքայելյանից, թե իր անազատության մեջ գտնվելու ժամանակ արդյոք տուժե՞լ են իրեն պատկանող բիզսնեսները: «Ես բիզնեսները չունեմ, որ տուժեին: 2003 թվականից` նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրություններից հետո ով ինձ բարեւ է տվել, ով ինձ հետ շփում է ունեցել` մինչեւ հիմա գործ չունի, չի աշխատում:
Սրանից ավել տույժ ու վնա՞ս: Ամեն ինչ արել են, որ ինձ ճնշեն, որ ես մնամ մենակ, բայց ինչքան ճնշել են, այնքան ավելի շատ մարդ է իմ շուրջը համախմբվել, որովհետեւ ես շատ մարդկանց պես ուրիշներին չեմ խաբում ու չեմ գնում գումարային գործարքների»,-արձագանքեց Միքայելյանը:



























