Սպառողների վստահության ինդեքսը  2011թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել  է` կազմելով  101.3 տոկոս: Այդ մասին հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Սպառողների վստահության ինդեքսը հաշվարկվում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա եւ ունի 2 հիմնական բաղադրիչ` ներկա իրավիճակն արտահայտող եւ ապագա իրավիճակն արտահայտող:

Հատկանշական է, որ ներկա իրավիճակն արտահատող ինդեքսն աճել է 4.3 տոկոսով, իսկ ապագայինը` 0.6 տոկոսով:

Թեեւ նախորդ եռամսյակների համեմատ ավելի շատ սպառողներ են  լավատեսական գնահատականներ տվել, այնուամենայնիվ` ներկա իրավիճակի վերաբերյալ դրական պատասխանները դեռեւս զիջում են բացասականներին; Եւ ընդհակառակը` հարցվածների կեսից ավելին դրական սպասումներ ունի ապագայում եկամուտների փոփոխության, խոշոր գնումների կատարման եւ զբաղվածության վերաբերյալ:

Մասնավորապես` ներկա տնտեսական իրավիճակը տնային տնտեսությունններից միայն 30 տոկոսն է դրական գնահատել, եւ միայն 40 տոկոսն է նշել, որ եկամուտների աճ ունի; Սակայն 48.6 տոկոսը նշել է, որ այս եռամսյակում խոշոր գնում է իրականացնել (երրորդ եռամսյակում նման ակնկալիք ունի հարցվածների 57.2   տոկոսը):