Մեղրիի ամենամեծ հարստությունը մարդիկ են։ Լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Մեղրին բելառուսական Մոլոդեչնո քաղաքին փոխանցեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի փոխանցիկ կարգավիճակը։
«Դժվար է առանձնացնել որևէ վառ տպավորություն. դրանք անչափ շատ են։ Այս եզերքը հիասքանչ է՝ շաղախված հարուստ պատմությամբ։ Մարդիկ արտակարգ բարյացակամ են ու սրտաբաց։ Տարվա ընթացքում բազմաթիվ նախագծեր են կյանքի կոչվել՝ պարի, տարազի, գրքի և կինոյի փառատոներ։ Տխուր է, իհարկե, որ այս հրաշալի ծրագիրն ավարտվեց։ Բայց մենք Մեղրիին «մնաս բարով» չենք ասում, մենք ասում ենք՝ «ցտեսություն»», — նշել է Անատոլի Իկսանովը։
Նրա խոսքով՝ Մոլոդեչնոյում նույնպես բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են իրականացվելու։
«Մեղրիում անցկացված միջոցառումների մասնակիցներն իրենց հետ տանում են մեղրեցիների ջերմությունը», — եզրափակել է Անատոլի Իկսանովը։


























