Երեւանը` այնպես, ինչպես որ կա, բայց` նորովի մեկնաբանությամբ. այս կարգախոսով անցկացված «Երեւանյան էտյուդներ» լուսանկարչական մրցույթի հաղթողները ներկայացվեցին այսօր` մայիսի 18-ին, Ա. Սպենդիարյանի տուն թանգարանի բակում կայացած ցուցահանդեսի ընթացքում:

Նշանավոր հայ կոմպոզիտորի համանուն ստեղծագործության խորագիրը կրող ֆոտոմրցույթի  գաղափարը Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանինն է. ցուցահանդեսը նվիրված էր կոմպոզիտորի 150-ամյակին: Նախապես հայտարարված ֆոտոմրցույթին մասնակցել է 120 հեղինակ, ներկայացվել է ավելի քան 400 աշխատանք, դրանցից միայն 32-ն են ժյուրիի որոշմամբ ներառվել ամփոփիչ ցուցահանդեսում:

«Ամեն տարի այս պուրակը լցվում է արվեստասեր հասարակության դրական էներգետիկայով, որովհետեւ այս պուրակում թանգարանների միջազգային օրը եւ թանգարանային գիշերը կազկազմակերպվում են բացօթյա համերգներ: Այս տարի մի փոքր փոխել ենք մեր միջոցառման բովանդակությունը շուրջ մեկ ամիս տեւած լուսանկարչական մրցույթով»,- նշեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Սպենդիարյանը «Երեւանյան էտյուդներ» ստեղծագործությունը գրել է Երեւան կատարած այցից ոգեշնչված. այն հայկական առաջին սիմֆոնիկ գործն է, որը կոմպոզիտորը նվիրել է Երեւանի առաջին սիմֆոնիկ նվագախմբին: «Մենք այսօր ունենք բազմաբովանդակ լուսանկարներ, բայց կարծում եմ` կհամաձայնեք, որ այսօր Երեւանը ներկայանում է ոչ միայն լավ, գեղեցիկ, շքեղ, մաքուր, այլեւ` իր թերություններով: Շատ դժվար էր ընտրություն կատարելը, բայց ինձ շատ ուրախացրեց մասնակիցների աշխուժությունը եւ ներկայացված լուսանկարների մեծ թիվը»,-նկատեց Մարինե Օթարյանը:

Մրցույթի ժյուրիի կազմում էին  հայտնի լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Մելիք Բաղդասարյանը, Սամվել Սեւադան եւ Արազ Արթինյանը: Առաջին մրցանակին արժանացավ Դավիթ Հակոբջանյանը, երկրորդը ճանաչվեցին  Անի Հակոբյանի ու Ելենա Առաքելյանի լուսանկարները,  երրորդը՝ Մարիա Սարգսյանի աշխատանքը: Հատուկ մրցանակի արժանացավ Արման Գասպարյանը: Մյուս հեղինակներին հանձնվեցին հատուկ վկայականներ:

Մրցույթի կազմակերպիչ Մարինե Օթարյանը մտադիր է մրցույթը դարձնել ամենամյա:

Լուսանկարները՝ Վահե Իսրայելյանի