Եվրամիության աջակցությամբ մեկնարկած «Կրթության հորիզոններից անդին» ծրագրով դպրոցականները, ուսանողները, լրագրողները, բլոգերները, ՀԿ ներկայացուցիչները և կրթական գործի արդյունավետությամբ շահագրգիռ մասնագետները քննարկումների ձեւաչափով շարունակաբար բացահայտելու և բարձրաձայնելու են կրթության հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, մշակելու եւ առաջարկելու են նորարարական լուծումներ և դրանց իրականացման տարբեր սցենարներ:
Նորարարական կրթական լուծումների հայտնաբերման և դրանց կիրառման սցենարների մշակման ծրագրի առաջին փուլի մասնակից «Ապագայի կամուրջ» ՀԿ նախագահ Արման Տոնիկյանը հատկապես ոգևորված է միջսերնդային երկխոսության միջոցով և ձևաչափով կրթության ոլորտի ամենաարդիական խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու հնարավորությամբ։
«Մենք մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ ենք միացել մեր կրթության ապագայի սցենարները միասին մշակելու գործընթացին։ «Կրթության հորիզոններից անդին» ծրագիրը մեզ հնարավորություն է տալու զարգացնել նորարարական մտածելակերպ, ծանոթանալ համակարգային լուծումների մշակման ժամանակակից մեթոդներին և սովորել սովորեցնել․ 5 օրվա ընթացքում արդեն հասցրել եմ անձնային աճի օգուտներս գնահատել», – ասել է Արման Տոնիկյանը՝ նկատի ունենալով մետաունակություններ զարգացնող կրթական ծրագիրը։
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության հորիզոններից անդին» ծրագիրը մեկնարկել է՝ «Նորարարական կրթական լուծումների լաբորատորիա» ՀԿ (INESOLAB) կողմից ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում։
































