Գերմանիայի ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց եւ երիտասարդության գործերով նախարար Ֆրանցիսկա Գիֆայը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ կապված ավելի վաղ Բեռլինի Ազատ համալսարանում (FU) ստացած իր գիտական աստիճանի շուրջ աղմուկի հետ, հաղորդում է Focus ամսագիրը։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ համալսարանի հատուկ հանձնաժողովը հանդես է գալիս նախարարին գիտական աստիճանից զրկելու օգտին: Գիֆայը առաջադրվել էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Բեռլինի մասնաճյուղի կողմից որպես աշնանը Բեռլինի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում ընտրական ցուցակի առաջատար եւ որպես բուրգոմիստրի թեկնածու: Ներկայումս Գերմանիայի մայրաքաղաքում բուրգոմիստրի պաշտոնը զբաղեցնում է մեկ այլ հայտնի սոցիալ-դեմոկրատ Միխայել Մյուլլերը:
Հայտնի է, որ մայիսի 5-ին Ազատ համալսարանի հատուկ հանձնաժողովը նախագահությանը ներկայացրել է իր որոշումը, այս փաստաթղթի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա: Սակայն հաղորդվել է, որ նախարարին չորս շաբաթ ժամանակ է տրվել հակառակ հայտարարություն անելու համար: Համալսարանը հրաժարվում է մամուլին մեկնաբանություններ տալ՝ մինչ վերջնական որոշուը կայացնելը:
Ավելի վաղ Գիֆայը հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ նախարարի պաշտոնից, եթե իր աստիճանը չեղարկվի: Բեռլինի Ազատ համալսարանը 2019-ին սկսել է ստուգել նրա գիտական աշխատանքը, որը նվիրված է քաղաքացիական հասարակության հանդեպ Եվրահանձնաժողովի քաղաքականությանը։ 2019-ի հոկտեմբերին որոշվել էր, որ աշխատանքը, չնայած հայտնաբերված թերություններին, ակադեմիական նվաճում է:
Գերմանիայի նորագույն պատմության մեջ կառավարության անդամների գիտական աստիճանների շուրջ սկանդալները բավականին հաճախ են կրկնվում: Ատենախոսություններում գրագողության համար մեղադրանքների պատճառով մի քանի նախարարներ ստիպված են եղել լքել իրենց պաշտոնները: 2011-ին նույն պատճառով հրաժարական էր տվել Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր ղու Գուտենբերգը: 2013-ին Դյուսելդորֆի համալսարանում գիտական կոչումից զրկվելուց հետո աշխատանքից ազատվել էր ԳԴՀ կրթության նախարար Անետ Շավանը: 2016-ին, Հանովերի բժշկական ինստիտուտը ստուգելուց հետո որոշում էր կայացրել պահպանել այն ժամանակվա ԳԴ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աստիճանը: Ստուգումն իրականացվել էր հենց ֆոն դեր Լեյենի խնդրանքով այն բանից հետո, երբ ինտերնետային լրատվամիջոցները նախարարին մեղադրել էին գրագողության մեջ, որն իբր առկա էր համացանցում հասանելի ատենախոսության մեջ:





























