«Հայկական Ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպությունը եւ «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան» համատեղ հունիսի 28-ից հուլիսի 1-ը անցկացնում են ֆրանսերեն դասավանդողների 9-րդ ամենամյա սեմինարը: Այն այս տարի հիմնականում կվարեն 2010-2011թթ.-ին Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության CREFECO կենտրոնում վերապատրաստված մասնագետներ Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններից:
Սեմինարին գործնական աշխատանքներ վարելու եւ հայ գործընկերներին մեթոդական օգնություն ցուցաբերելու համար հրավիրված են նաեւ ֆրանսերեն լեզվի մասնագետների վերապատրաստման բնագավառում բազմամյա փորձ ունեցող եւ մեծ համբավ վայելող փորձագետ Մորիս Մաթեն եւ Ելենա Մաթեն:
Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին ժ.11.00-ին Ֆրանսիական համալսարանի մեծ սրահում, որին ներկա կլինեն Հայաստանի Կրթության եւ Գիտության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:




























