Ավստրալացիները կարող են դառնալ «ճգնավոր ազգ», նախազգուշացնում են փորձագետները վարչապետ Սքոթ Մորիսոնի՝ COVID-19 համավարակի պատճառով Ավստրալիայի սահմանները եւս մեկ տարի փակ պահելու ծրագրի հետ կապված, գրում է AFP-ը:
«Բոլորը ցանկանում են վերադառնալ հին ժամանակները», - ասել է Մորիսոնը միջազգային սահմանների բացման մասին աճող կոչերի ֆոնին: «Իրականությունն այն է, որ այս տարի ապրում ենք համավարակի ավելի վատ պայմաններում, քան նախորդ տարի»:
Անցյալ մարտին Ավստրալիան աննախադեպ քայլ է ձեռնարկել՝ փակելով իր սահմանները օտարերկրյա այցելուների համար եւ արգելելով իր քաղաքացիներին մեկնել երկրից: Սա հանգեցրել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո բնակչության առաջին կրճատմանը՝ բերելով նրան, որ Ավստրալիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են արտերկրում, իսկ հարյուր հազարավորները բաժանվել են իրենց ընտանիքների անդամներից: Ներկայումս համայնքներում վարակի տեղական փոխանցման դեպքեր գրեթե չկան, իսկ մեծ մասի մոտ կյանքը համեմատաբար կարգավորվել է:
Կառավարության վերջին առաջարկն առ այն, որ սահմանները կարող են փակ մնալ եւս մեկ տարի, թեժ վեճերի առարկա է դարձել:
Ավստրալիայի բժշկական ասոցիացիայի նախագահ Օմար Հորշիդը նախազգուշացրել է, որ «Ավստրալիան չի կարող անվերջ փակ պահել իր միջազգային սահմանները»: Նա կոչ է արել բարելավել կարանտինի պայմաններն ու պատվաստումները, որպեսզի սահմանները աստիճանաբար բացվեն: «Ինչ-որ պահի անհնար կլինի արդարացնել սահմանները փակ պահելը` հաշվի առնելով դրանց ազդեցությունը կյանքի եւ կենսամիջոցների վրա», - ասել է նա:
Սիդնեյի համալսարանի աշխատանքային խումբը ավելի հեռու է գնացել՝ նախազգուշացնելով, որ իրենք «չեն կարող անորոշ ժամանակով մեկուսանալ աշխարհից՝ որպես ճգնավոր ազգ»:





























