Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը եւ հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարեւորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Միեւնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են եւ ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։