Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման մասին որոշում կկայացնի իրավիճակի վերլուծությունից հետո, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների համատեքստում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Վերլուծությունը շարունակվում է։ Նորից, վերլուծվելու են Լավրովի եւ Բլինքենի շփումների արդյունքները, եւ հետո արդեն նախագահը որոշում կկայացնի»,- լրագրողներին ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Մոսկվան որոշում կայացրել է ՌԴ եւ ԱՄՆ գագաթաժողովի վերաբերյալ։
Նա Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը դրական ազդանշան է համարել։ «Խոսակցության փաստը, որն, ընդ որում, ինչպես ասաց Լավրովը, կառուցողական էր, նույնպես իրադարձություն է, որն արժանի է դրական գնահատականի։ Բայց ակնհայտ է, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես են Կրեմլում գնահատում Լավրովի եւ Բլինքենի բանակցությունները, եւ արդյոք կարելի է դրանք բավական լավ ազդանշան համարել, որպեսզի ՌԴ – ԱՄՆ գագաթաժողովը կայանա։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում շատ խնդիրներ են կուտակվել, բայց նախօրեին Ռեյկյավիկում պետնախարարի հետ ռուսաստանցի նախարարի բանակցությունները, անշուշտ, կօգնեն վերլուծության հարցում, որն այժմ կատարվում է Մոսկվայում երկու նախագահների հանդիպման ուղղությամբ։





























