Հատկապես նախընտրական շրջանում իրավապահ մարմինները պետք է գործեն ավելի մեծ պատասխանատվությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Հանրապետության նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ NEWS.am դիմել էր ՀՀ նախագահին հետեւյալ հարցով. «Պարոն Նախագահ, վերջին օրերին համատարած են դարձել տարբեր ընդդիմադիր շտաբներից ու ակտիվիստներից եկող ահազանգերը իրավապահ համակարգի կողմից ճնշումների վերաբերյալ: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո ՀՔԾ է կանչվել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Ընտրությունների նախաշեմին գործի է դրվել պատժիչ համակարգը: Դուք որպես Սահմանադրության երաշխավոր, ի՞նչ եք պատրաստվում անել արդեն իսկ նշանակված ընտրություններից առաջ նման երեւույթները կանխելու, քաղաքական պրոցեսների մեջ իրավական հրահանգը բացառելու համար»:
Արմեն Սարգսյանը մեր հարցին ի պատասխան, մասնավորապես, նշել է.
«Հանրապետության նախագահն իր հրապարակային խոսքում բազմիցս նշել է, որ իրավական որեւէ գործընթաց չպետք է ծառայեցվի ներքաղաքական նպատակներին, իսկ պետական մարմինների գործունեությունը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի եւ Սահմանադրության վրա: Հատկապես նախընտրական շրջանում իրավապահ մարմինները պետք է գործեն ավելի մեծ պատասխանատվությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, օրենքի տառին ու ոգուն համապատասխան:
Հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները, ինչպես նաեւ այն, որ թեւակոխում ենք նախընտրական շրջան, առավել, քան երբեւէ բոլոր պետական մարմիններից, քաղաքական գործընթացների մասնակիցներից պահանջվում են մեծ պատասխանատվություն, խոհեմություն ու առավելագույնս կշռադատված գործելակերպ՝ իրավունքի գերակայությունը երաշխավորելու եւ երկիրը անցանկալի ցնցումներից զերծ պահելու համար»։





























