Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցում եւ պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին այդ խնդրով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը պատրաստ կլինի, եթե Բաքուն եւ Երեւանը համապատասխան խնդրանքով դիմեն այս գործընթացին խորհրդատվական օգնություն տրամադրելու համար,- ասել է փոխնախարարը:- Մենք մեծ աշխատանք ենք տարել Ղազախստանի եւ այլ երկրների՝ Չինաստանի հետ մեր պարագծի երկայնքով սահմանների սահմանազատման ուղղությամբ: Մենք այդպիսի աշխատանքի փորձ ենք կուտակել: Ուստի պատրաստ ենք մասնակցել, բայց կրկնում եմ եւս մեկ անգամ՝ բոլոր կողմերի համապատասխան դիմումի եւ համաձայնության դեպքում»:
Ռուդենկոն նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման հարցի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի համաձայնագիրը պետական սահմանի վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում առաջարկել է օգնություն տրամադրել Բաքվին եւ Երեւանին սահմանին իրավիճակի կարգավորման հարցում եւ հանդես է եկել հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համար, որին Ռուսաստանի Դաշնությունը կարող էր մասնակցություն ունենալ որպես խորհրդատու կամ միջնորդ: Պատասխանելով այն հարցին, թե կողմերի կողմից արձագանք եղել է, թե՞ ոչ, Ռուդենկոն ասել էր, որ դեռ «չգիտի նրանց արձագանքի մասին»:





























