Ես կոչ եմ անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ հրադադարի պայմանագիրը եւ ՄԻԵԴ վճիռը, որը տարածվում է Հայաստանի ավելի քան 200 քաղաքացիների վրա: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում հայ ռազմագերիներին ազատ արձակման բանաձեւի քննարկման ժամանակ:

«Պատերազմը երբեք լավ որոշում չէ: Դա անհարկի մահեր, տառապանք է բերում եւ ժամանակ է պահանջում վերքերի բուժման համար: Այս համատեքստում թույլ տվեք կենտրոնանալ երեք տարբեր արդիական հարցերի վրա. առաջինը հայ ռազմագերիներին եւ մյուս կալանավորվածներին ազատելու անհրաժեշտությունն է: Ես կոչ եմ անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ հրադադարի մասին համաձայնագիրը եւ ՄԻԵԴ վճիռը, որը տարածվում է Հայաստանի ավելի քան 200 քաղաքացու վրա: Երկրորդն այն է, որ պետք է հրաժարվել սադրիչ հռետորաբանությունից եւ ատելության տարածումից: Դրա լրջագույն օրինակը Բաքվի ռազմական ավարների պուրակն է: Այն պետք է փակվի: Երրորդ. լուրջ մտահոգություն են առաջացնում սահմանային միջադեպերը (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ). ես Ադրբեջանին կոչ եմ անում հեռանալ եւ պատշաճ բանակցություններ սկսել Հայաստանի հետ: