Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցել Ադրբեջանի հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում: Այս մասին Մոսկվայում Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը օպերատիվ կերպով Ադրբեջանին է փոխանցել հատուկ թեստ-համակարգեր, երկիր են ուղարկվել ռուս բժշկական մասնագետների բրիգադներ, իսկ մայիսին հանրապետություն է առաքվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

«Մենք նաեւ պատրաստ ենք ձեզ հետ միասին սկիզբ դնել ռուսական պատվաստանյութերի արտադրությանը»,- շեշտել է նա: «Համոզված եմ, որ դա հնարավորություն կտա կարճ ժամանակում կազմակերպել եւ Ադրբեջանի, եւ Ռուսաստանի բնակչության պատվաստումները»,- հավելել է Միշուստինը: