Անհավանական զուգադիպությամբ ՀՔԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրում հենց այն օրը, երբ երկրի գործող վարչապետը պատրաստվում է ստորագրել անկախ Հայաստանի ամենաաղետալի փաստաթղթերից մեկը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գեւորգյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել՝«մանրամասներ» ներկայացնելով ինձ առաջադրված նոր մեղադրանքից։

Ծայրից ծայր սուտ, լկտի սուտ, իրականության հետ որեւէ կապ չունեցող հորինվածք։ Այսքանով կարող էի ավարտել։

Բայց այս անգամ ուզում եմ լիաթոք օգտվել չլռելու իմ իրավունքից ու շարունակել։

Երբ ես շատ տարիներ առաջ Ռուսաստանից եկա Հայաստան, այնտեղ թողեցի իմ շատ ավելի անհոգ կյանքը, մերժելով ավելի կրթվելու կամ բիզնեսով զբաղվելու իմ կարող բարեկամների առաջարկները։ Ես վերադարձա հայրենիք, որովհետեւ ուզում էի օգտակար լինել իմ երկրի կայացմանը, որովհետեւ երկիրը ամենեւին բարվոք վիճակում չէր։

Վստահաբար քիչ բան չեմ արել, բայց նաեւ շատ բաներ չհասցրեցի. Օրինակ ձեւավորել դատաիրավական անաչառ համակարգ, որը կծառայեր պետությանը, այլ ոչ թե օրվա իշխանությանը։

Ինձ ներկայացված մեղադրանքում ոչ միայն ճիշտ բառ չկա, այլեւ կան զավեշտի հասնող ձեւակերպումներ։

Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր եղել են ոչ միայն խորհրդային Հայաստանի ամենաունեւոր մարդկանցից մեկը, ում ավագ սերնդի մարդիկ շատ լավ հիշում են, ճանաչում, այլ անկախ Հայաստանի գործարար շերտի հիմնադիրներից։ Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր օտարերկրյա խոշորագույն կորպորացիաներում են աշխատել կամ հենց այդպիսիները հիմնադրել. Շեշտում եմ տասնամյակներ առաջ, երբ ես դպրոցական էի այդ մարդիկ եղել են կայացած ու ունեւոր դեմքեր։ Հիմա այդ մարդկանց գույքը կամ ունեցվածքը վերագրել ինձ՝ նշանակում է ծաղրել իրավագիտությունը։

Հասկանում եք բոլոր մարդիկ, այդ թվում ունեւոր կարող են ունենալ երեխա, թոռներ, որոնց կարող են գույք կտակել կամ նվիրել։ Հիմա կասկածի տակ դնել, թե ինչու է թոռը իր մահացած պապից գույք ժառանգել՝ աբսուրդի ժանրից է։

Օրենքի տեսակետից սա իրավական նիհիլիզմ է, բայց մարդկային տեսակետից ՀՔԾ-ի արածը դիակապտություն է, անհարգալից վերաբերմունք, ծաղրանք մահացած մարդկանց հանդեպ։

Ի դեպ, ՀՔԾ-ի « ֆինանսիստներին» ուզում եմ ասել, որ ձեր ուռճացրած թվերը կոչվում են ներդրում եւ նաեւ այդ մարդկանց ներդրումների շնորհիվ է, որ այսօր դուք նստած եք նոր,վերանոգորգված շենքում եւ ստանում եք հավելավճարներ։ Մի պահ մտածեք, թե ձեր այս քայլերից հետո քանի-քանի ներդրող է մտքափոխվելու Հայաստանում ներդրում անել։

Անհավանական զուգադիպությամբ ՀՔԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրում հենց այն օրը, երբ երկրի գործող վարչապետը պատրաստվում է ստորագրել անկախ Հայաստանի ամենաաղետալի փաստաթղթերից մեկը։

Երբ ողջ հայությունը ստորացված դիտում է հայ զինվորականների նվաստացման կադրերը, իրավապահ համակարգը ոչ թե այդ ազգային խայտառակության պատասխանատուների հանդեպ է գործ հարուցում, այլ՝ իմ։

Բայց ուզում եմ ասել. Սա իմ երկիրն է, սա իմ երեխաների երկիրն է, սա իմ նման մտածող հարյուր հազարավոր մարդկանց երկիրն է, եւ մենք անելու ենք ամեն ինչ ազգային արժանապատվության վերականգնման եւ երկրի զարգացման համար։ Ու դուք ամաչելու եք։

Ես այլեւս չեմ խոսելու այս քրեական գործից։ Բայց իմ իրավունքները եւ բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում։ Ու նաեւ անելու եմ ամեն ինչ՝ օր առաջ երկրում նոր, էֆեկտիվ իշխանություն ձեւավորելու համար, որպեսզի դուրս գանք ազգային ստորացման այս էջից»։