Երբ խոսում եմ ներդրումների մասին, նկատի ունեմ կոնկրետ ներդրումներ տնտեսության մեջ, բիզնես ոլորտ, ձեռնարկություն, գյուղատնտեսություն, իսկ այն, ինչ դուք ասում եք, դա գումարային ներհոսք է, ներդրումներ են ուրիշ նպատակի համար: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին տարիներին, ներդրումները բերվեցին և անհասկանալի գործունեություն ծավալվեց, ինֆորմացիա հավաքեցին, ժողովրդի մոտ «ուղեղի լվացում» կատարվեց, պետք է ստեղծել համակարգ, որը կկառավարի գումարների ներհոսքը ո՞ր կազմակերպությանն է գնում, ի՞նչ նպատակների համար և ո՞նց են օգտագործելու:
Նրա խոսքով՝ տարբեր երկրներ հարցին տարբեր լուծումներ են տվել, օրինակ` Միացյալ նահանգներն ունի ամենից խիստ օրենքը և ԱՄՆ-ն այն կազմակերպություններին, որոնք դրսից ֆինանսավորում են ստանում, անվանում են՝ օտարերկրյա գործակալ:
«Ռուսաստանն, երբ գրեթե կրկնօրինակեց այդ օրենքը՝ մեծ քննադատության արժանացավ: Ես համարում եմ, որ միգուցե ոչ այդ աստիճանի, բայց պետք է ինչ-որ բան անել, որովհետեւ երկիրը փոքր է և բավական փոքր գումարներով կարելի է երկիրը խառնել: Հատկապես մենք մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ բավական մեծ երկրների շահերին նաև ինչ-որ տեղ մենք խանգարում ենք»,– ասաց Քոչարյանը:
Նա նկատեց, որ օրինակ «Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ բյուջեից. «Բայց այսպիսի ամերիկյան սկզբունքներին ոչ համահունչ քարոզչություն տանել մեկ քաղաքական ուժի օգտին, ուղղակի աննախադեպ է: Սա համարել, որ ժողովրդավարություն ամրապնդելու համար է, ոչ, սա ուղիղ քաղաքական նպատակներ հետապնդելու գործիք է: Երբ իրենց դա ասում ես, բացատրություն չունեն, բայց շարունակում են անել այն, ինչ անում են: Ես խնդիրը տեսնում եմ, և պետք է լուծումներ գտնել և պետք է վճռական լինենք չպետք է մտածենք, որ մեկը Բրյուսելից կգա կասի՝ այս ի՞նչ եք անում: Պետք է ասենք, որ մենք արդեն այս փորձն ունենք և ոչ մեկին թույլ չենք տալու երկիրը խառնել»:





























