Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 20-ի նիտում որոշում է կայացրել, որով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51,400 հազար դրամ գումարով, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար:
Ըստ այդմ՝ 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, մեկական մսուր-մանկապարտեզներ՝ Կոտայքի և Շիրակի մարզերում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյան տեղեկացրել է, որ կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկով արդեն իսկ 1,4 մլրդ դրամ է հատկացվել 10 մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. ««Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում մենք ունենք կետ, որով արձանագրել ենք՝ մինչև 2023 թվականը նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսը պետք է հնարավորություն ունենա մանկապարտեզներ հաճախելու: Դուք գիտեք, որ ՀՀ-ում դա լրջագույն պրոբլեմ է և նաև կարևորագույն խնդիր երկրի զարգացման առումով: 2019 թվականից մենք սկսել ենք այս հարցի քննարկումը»:
Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է 4 հարց, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվել և տարվում՝ ինչպես որոշել մանկապարտեզների կառուցման աշխարհագրությունը, ինչ տիպի շենքեր պետք է կառուցվեն, այդ կրթական հաստատությունների հետագա ֆինանսավորումը և բովանդակությունը: «Ըստ էության, կարող ենք ասել, որ իրականացված քայլերի արդյունքում հասել ենք մի նախապատրաստական իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում պատրաստ ենք մեկնարկել, թող շատ հավակնոտ չհնչի, զանգվածային մանկապարտեզաշինության և դպրոցաշինության գործընթաց: ՀՀ-ում կա կոնսենսուս մի հարցի վերաբերյալ՝ երկրի ռազմավարական զարգացումն ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելն է: Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ մենք նախակրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտներում մեր ռազմավարական անելիքները որոշել ենք: Ընդ որում՝ փոխանցիկության կապ ենք ստեղծել կրթության այս երեք շերտերի ուղղությամբ: Իհարկե, գործնական կիրառման ժամանակ չհղկվածությունների և պրոբլեմների կհանդիպենք, բայց այդտեղ սարսափելի ոչինչ չկա, կարևորն այն է, որ մեխանիզմը գործարկված է: Հետևաբար, մենք ավելի ու ավելի հաճախ կառավարության նիստերում կհանդիպենք մարզերում, Երևանում, քաղաքներում, գյուղերում դպրոցների և մանկապարտեզների կառուցման, նորոգման, հիմնանորոգման հետ կապված աշխատանքների իրականացման, գույքի թարմացման վերաբերյալ որոշումներ: Կարող ենք արձանագրել, որ մեր երկրի բովանդակային բարեփոխուման այս կարևորագույն մեխանիզմը գործարկված է»:





























