Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ի վիճակի է ամիսներ շարունակ ռմբակոծել Իսրայելը: Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը:
Նա հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը ունի բավարար ռեսուրսներ՝ շարունակելու զանգվածային հարվածներ հասցնել Իսրայելի քաղաքներին: Ըստ շարժման խոսնակի՝ հրթիռային հարվածների տեւողությունը կախված կլինի Իսրայելի հետագա քայլերից: «Եթե իսրայելական ավիահարվածները սաստկանան, մենք կավելացնենք մեր հրթիռային հարվածները, եւ եթե իսրայելցիները զանգվածային սպանություններ իրականացնեն ու բնակելի շենքեր ռմբակոծեն, կմեծացնենք մեր հրթիռների թիրախային շառավիղը մինչեւ Իսրայելի այլ քաղաքներ», - ասել է Աբու Մարզուկը:
Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է նաեւ Իսրայելի ցամաքային գործողություններին: Ըստ Աբու Մարզուկի՝ շարժման մարտիկները ավելի հարմարված են փողոցային պայմաններին, ուստի «թշնամին գիտակցում է, որ ցամաքային հարձակման դեպքում խոշոր պարտություն կկրի»:





























