Microsoft-ը որոշում է կայացրել հրաժարվել Internet Explorer բրաուզերից, որը ստեղծվել էր ավելի քան 25 տարի առաջ, սակայն այժմ զիջել է դիրքերը, քանի որ օգտատերերը նախընտրում են Google Chrome-ը կամ Apple Safari-ն:
«Մենք հայտարարում ենք, որ Internet Explorer-ի ապագան Windows 10-ում Microsoft Edge-ինն է»,- ասվում է ընկերության բլոգում՝ նկատի ունենալով իր մյուս բրաուզերը։ «Microsoft Edge-ը ոչ միայն ավելի արագ, անվտանգ եւ ժամանակակից բրաուզեր է, քան Internet Explorer-ը, այլեւ կարող է առանցքային խնդիր լուծել` համատեղելիությունը հնացած վեբ կայքերի եւ հավելվածների հետ»,- ասել է Microsoft-ը:
Microsoft-ը հայտարարել է, որ Internet Explorer-ը շրջանառությունից հանվելու է 2022 թվականի հունիսի 15-ից եւ այլևս չի աջակցվելու ընկերության կողմից:
Սակայն Internet Explorer-ի վրա հիմնված կայքերն ու հավելվածներն Edge-ի հետ կաշխատեն առնվազն մինչեւ 2029 թվականը, ասել է Microsoft-ը, քանի որ շատ կազմակերպություններ կայքեր ունեն, որոնք հիմնված են այդ բրաուզերի վրա:
Ըստ Statscounter-ի՝ Chrome-ը՝ Google-ի բրաուզերը, վերահսկում է շուկայի 65 տոկոսը: Apple-ի Safari-ն, որը հասանելի է Apple համակարգիչներում եւ սարքերում, այս տարվա ապրիլի դրությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ շուկայի գրեթե 19 տոկոսը: Firefox-ը եւ Edge-ը զբաղեցնում են երրորդ եւ չորրորդ տեղերը` համապատասխանաբար 3.59 եւ 3.39 տոկոսով:





























