Հայաստանում եւ Հայաստանից արտասահման ծանրոցների առաքումների թիվը, սակագների կտրուկ բարձրացման պատճառով, անկում է ապրել, շրջանառությունը, սակայն, նույնիսկ ավելացել է։  

2021 թվականի հունվար– մարտ ամիսներին հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 30 մլրդ 939 մլն  դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.3%-ով։ Հատկանշական է, որ առաջին եռամսյակի ընթացքում հեռագրական ծառայությունների շրջանառությունը աճել է 6,7%՝  կազմելով 1.6 մլն  դրամ։

Հեռագրական ծառայություններից ստացված հասույթի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի հունվարի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ում եռակի բարձրացել են  միջազգային առաքման մի շարք ուղղություններով սակագները: Խոսքը հիմնականում վերաբերում է ԵՄ մի շարք երկրներին և ԱՄՆ-ին, իսկ Հայաստանից այդ ուղղություններով փոստային առաքումների թիվը բավականին մեծ է: ԵՄ երկրներ ծանրոց ուղարկելու 1կգ-ի արժեքը 14 000 դրամ է, իսկ այդ 1կգ-ին գումարած յուրաքանչյուր հաջորդ լրիվ կամ ոչ լրիվ 1000 գրամի համար գումարը հաշվարկվում է 1կգ-ը  6000 դրամ: Դեպի ԱՄՆ ծանրոցի ուղարկման արժեքը 17 000  դրամ է, իսկ հաջորդ լրիվ և ոչ լրիվ 1000 գրամի համար գումարը հաշվվում է 1 կգ-ը 7500 դրամ: Բացառություն է դեպի Ֆրանսիա փոստային առուքումների սակագների նվազումը։

Փոստային ծառայությունների սակագները բարձրացել են նաև Հայաստանի և Արցախի տարածքում ծանրոցների փոխադրման դեպքում, ինչը է լրացուցիչ ծախսեր է առաջացրել բիզնեսի և հանրության համար։

Միաժամանակ, գրեթե երեք անգամ նվազել են դեպի Մոսկվա առաքման սակագները: Մասնավորապես, դեպի Մոսկվա և Մոսկվայի մարզ 1կգ ծանրոցի առաքման գինը 2950  դրամ է, իսկ հաջորդ լրիվ կամ ոչ լրիվ 1000 գրամի համար՝ 1250  դրամ: ՌԴ այլ մարզեր 1 կգ ծանրոցն արժե 6000 դրամ. իսկ հաջորդ յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 1000 գրամի համար գումարը հաշվվում է 1 կգ-ը 500 դրամ:

Այսպիսով՝  հեռագրական ծառայությունների սակագների եռակի բարձրացման արդյունքում փոստային առաքումների ծավալը որոշ ուղղություններով կտրուկ նվազել է։ «Հայփոստ» ՓԲԸ-ի  սահմանած նոր սակագներով այլևս ոչ մի ապրանք շահեկան չէ ուղարկել արտերկիր: Սակագների բարձրացումը, առաջին հերթին, բացասական ազդեցություն է թողել փոքր և միջին ձեռնարկատերերի վրա, որոնք սովորաբար փոքր խմբաքանակներով են իրենց արտադրանքը փոստային առաքումների միջոցով արտահանում արտերկիր:

Արամ Աճեմյան