Մայիսի 20-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Աղայան փողոցից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես կապվել են ոստիկանություն ահազանգած քաղաքացու հետ։ Տղամարդը հայտնել է, որ անհայտ անձն առևանգած մեքենայով շարժվում է Դիլիջանի ուղղությամբ, ինքը հետապնդել է նրան, սակայն կորցրել է տեսադաշտից և խնդրում է ոստիկանության աջակցությունը:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ, ավտոմեքենան հայտնաբերեցին Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցում: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն։





























