Չինաստանը քննադատել է Եվրամիության «առճակատային մոտեցումն» այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը քվեարկեց ներդրումային գործարքի արգելափակման օգտին Պեկինի կողմից ԵՄ օրենսդիրների դեմ պատժամիջոցների պատճառով, հաղորդում է AFP-ն:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Պեկինի պատժամիջոցներն «անհրաժեշտ եւ արդարացված պատասխան են» Սինցզյանում մարդու իրավունքների հետ կապված Չինաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ ԵՄ-ի կողմից ավելի վաղ ձեռնարկված միջոցառումներին:
Եվրամիությունն ու Չինաստանը դեկտեմբերի վերջին հաստատել էին խոշոր ներդրումային պակտը, որը եզրափակել էր յոթ տարվա քրտնաջան բանակցությունները:
Եվրախորհրդարանը նախօրեին ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ ներդրումային համաձայնագրի քննարկումը, մինչդեռ Չինաստանի պատժամիջոցները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների եւ գիտնականների դեմ դեռ ուժի մեջ են: Պեկինը հայտարարում է, որ պատժամիջոցները կիրառվել են «Չինաստանի շահերի պաշտպանության համար»:
«Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԵՄ համապատասխան կառույցների եւ աշխատակիցների նկատմամբ, ովքեր Սինցզյանգի հետ կապված ստեր եւ ապատեղեկատվություն են տարածում, որոնք լրջորեն վնաս են հասցրել Չինաստանի ինքնիշխանությանն ու շահերին»,- ասել է Լիցզյանը:
Նա ԵՄ-ին կոչ է արել «անհապաղ դադարեցնել միջամտությունը Չինաստանի ներքին գործերին, հրաժարվել առճակատային մոտեցումից» եւ ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները վերադարձնել «երկխոսության եւ համագործակցության ճիշտ ուղու վրա»:
Ըստ Եվրահանձնաժողովի՝ ներդրումային գործարքը նպատակ ունի բացել չինական շուկան եւ վերացնել խտրական օրենքներն ու պրակտիկան, որոնք խոչընդոտում են հավասար մրցակցությանը եվրոպական ընկերությունների համար:
2000 թվականից սկսած ԵՄ-ի օտարերկրյա ուղիղ ներդրումները Չինաստանում, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, 181 միլիարդ դոլար են կազմել: Չինաստանից համապատասխան գումարը 138 միլիարդ դոլար է:





























