Որքանով որ հասցրել եմ ծանոթանալ  ձեր նշած  նյութին, կարող եմ ասել, որ այն, բնականաբար, իրականության հետ որևէ առնչություն չունի, դրա միակ  նպատակն  արատավորելն ու  շատ պրիմիտիվ սև քարոզ անել է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով այսօր՝ մայիսի 21-ին, մամուլիս ասուլիսում ազատամարտիկ Թերեզա Ասատրյան-Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար իրեն 4000 դոլար գումար են առաջարկել:

«Նրա խոսքը պարզապես բառերի կույտ էր,  հրապարակայնորեն նման հայտարարության համար նշված անձի խոսքում որևէ միտք, պնդում, հստակություն, կամ կոնկրետություն չկար: Ամեն դեպքում ասեմ, որ մենք ձեռնարկելու ենք որոշակի իրավական գործընթաց՝ այդ թվում զրպարտության և վիրավորանքի մասով, քանի որ նա հնչեցրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ դրանով իսկ փորձելով տպավորություն թողնել, աղմուկ բարձրացնել: Ավելացնեմ նաև, որ նմանատիպ բոլոր հայտարարություններին մեր կողմից  հետևելու են  իրավական գործընթացներր:  Սրանում, թող  բոլորը վստահ լինեն»,- ասաց Վարդևանյանը: