Հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացրել։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նամակ փոխանցեցին, որտեղ առաջ են քաշվել մի շարք հարցեր, որոնցից է՝ Թուրքիային հանել Արցախում ռուս-թուրքական մոնիտորինգային խմբից, որովհետեւ ցեղասպան երկիր է, Ադրբեջանը պետք է հեռանա ռազմակալված տարածքներից, որպեսզի փախստականներն ու տեղահանվածները վերադառնան այդ տարածքներ: Շեշտել են, որ ադրբեջանցիները զինված ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք եւ հետեւում են, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ գործողություններ կատարի, ոչ թե ուշադիր հետեւի:
«Հայտնել ենք, որ դիմել ենք նաեւ միջազգային կառույցներին, որոնք պետք է մշակեն պարտադրանքի մեխանիզմներ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար: Շեշտել ենք, որ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը՝ կոնֆլիկտը կանխելու մեջ, պասիվ է: Թուրքիան վաղուց է մխրճվել Ռուսաստան՝ սկսած կառավարական շերտերից՝ մինչեւ ներքեւ, մխրճվել է նաեւ Ղրղըզստան, Ղազախստան, Բելառուս: Շատ տարօրինակ է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացնող ու այն ժխտող, 2020թ.սեպտեմբերի 27-ին ցեղասպանական պատերազմ ծրագրավորած, հրահրող պետությունը՝ Թուրքիան այսօր մոնիտորինգային խմբում է: Սա աբսուրդ է»,- նշել է Մարիամ Ավագյանը:
Նա տեղեկացրել, որ օրերս հանդիպել են Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի փախստականների, ներքին տեղահանվածների, միգրանտների հարցերով հանձնաժողովի ղեկավարի հետ ու հայտնել են, որ Ադրբեջանի կողմից օկուպացված 7 շրջաններում ապրում էին միայն 14.000 փախստականներ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից:
«Կոչ ենք արել նաեւ օր առաջ ակտիվացնել Մինսկի խումբը, որը պարտավոր է վերականգնել մինչեւ 2020թ.սեպտեմբերի 27-ը եղած ստատուս-քվոն ու սկսել խաղաղ բանակցային գործընթացը: Հիշեցրել ենք, որ, եթե այդ քայլերը չանեն, նշանակում է՝ պատրաստվում են աշխարհի չորս կողմերում տարածված բոլոր տիպի կոնֆլիկտները լուծել բացառապես ցեղասպանական, ահաբեկչական ճանապարհով»:





























