Երեւան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի տարածքում «Մինի-Մոքս» խաղատան դիմաց հունիսի 23-ի երեկոյան վրաերթի ենթարկած, ապա փախոսւտի դիմած վարորդը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Ինչպես Մասիսից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը 26-ամյա Արսեն Ալեքյանն է, ով բնակվում է Նոր Արեշի փողոցում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի տարածքում «Մինի-Մոքս» խաղատան դիմաց վրաերթի էր ենթարկել 46-ամյա Արմեն Մակարյանին եւ թողնելով անօգնական, դիմել փախուստի: Մակարյանը տեղում մահացել էր:
Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի օպերգծով տեղակալ Սամվել Մկրտչյանի եւ Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Ավետիքյանի կողմից ձեռնարկված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է նշված երիտասարդը:
Արսեն Ալեքյանին Արարատի մարզային վարչության ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:
Բացի այդ, ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ է տեղափոխվել Volkswagen Vento մակնիշի 23 ՏՍ 361 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին ամբողջովին կոտրված է եղել: Դիմապակու վրա առկա են եղել նաեւ արյան հետքեր եւ վնասված է եղել նաեւ կապոտը:
Երիտասարդը պատմել է, որ ինքը չի զգացել, որ մարդ է գցել մեքենայի տակ, իսկ դեպքից հետո վախեցել է եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Նա տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























