«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ԲՎ-ն մեկնարկել է «Հայփոստ –Մարաթոն – 2011» ծրագիրը, որով նախատեսվում է վերաբացել «Հայփոստ»-ի 50 բաժանմունքներ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, մինչեւ տարեվերջ կվերաբացվեն 12 նորացված բաժանմունքներ Երեւանում, իսկ 38-ը`մարզերում:
Ծրագիրը նախատեսում է բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով, որոնք կապահովեն նոր միջավայր հաճախորդների եւ աշխատակիցների համար: Բոլոր նորացված բաժանմունքներում ավանդական եւ ոչ ավանդական փոստային ծառայություններից բացի, կտրամադրեն ֆինանսական եւ կոմերցիոն բազմաբնույթ ծառայություններ: Հաճախորդներին կառաջարկվեն նաեւ ինտերնետային կապ, պատճենահանում, տպագրություն եւ ֆաքսիմիլային կապ:
«Ծրագիրը կարեւոր է հատկապես այն առումով, որ բոլոր վերաբացվող բաժանմունքներում կմատուցվեն բարձր որակի ծառայություններ»,- նշեց Աբրահամյանը։
Ստորեւ ներկայացնում ենք «Հայփոստ - Մարաթոն – 2011» ծրագրում ընդգրկված բաժանմունքների թիվը՝ ըստ մարզերի.
Երեւան – 12
Արագածոտնի մարզ – 2
Արարատի մարզ – 4
Արմավիրի մարզ – 1
Գեղարքունիքի մարզ – 4
Լոռու մարզ – 5
Կոտայքի մարզ – 7
Շիրակի մարզ – 2
Սյունիքի մարզ – 6
Տավուշի մարզ – 3
Վայոց Ձորի մարզ - 4
Ըստ Աբրահամյանի՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանում զարգացնել փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:




























