Nexta Telegram ալիքի հիմնադիր եւ «Գլխուղեղի Բելառուս» Telegram ալիքի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը ձերբակալվել է Մինսկի օդանավակայանում, հայտնում է Բելառուսի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանրապետությունում Telegram-ի այս երկու ալիքներն էլ ծայրահեղական են ճանաչվել: Ինքը` Պրոտասեւիչը, հայտնվել է ահաբեկչության մեջ ներգրավվածների ցուցակում եւ այժմ հետախուզման մեջ է:
Երիտասարդը թռնում էր Ryanair ավիաընկերության Աթենք-Վիլնյուս չվերթով: Պարզաբանվում է, որ «Մինսկում ինքնաթիռը ստուգելուց հետո ուղեւորներին ուղարկել էին փաստաթղթերի երկրորդ ստուգման, այդ ժամանակ էլ Ռոմանը ձերբկալվել էր»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Մինսկում ՝ ականապատման մասին հաղորդումից հետո, ինչը չէր հաստատվել: Լրատվամիջոցների հաղորդմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է տվել ինքնաթիռը Մինսկում ընդունելու հրամանը:





























