«Սարդարապատ» շարժմանը հունիսի 23-ին վերջին պահին առանց որեւէ պատճառաբանության արգելել են Ճարտարապետների միության դահլիճում հանդիպում անցկացնել երիտասարդության հետ, որի վերաբերյալ նախապես պայմանավորվածություն է եղել: Այս կապակցությամբ, «Սարդարապատը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Հայտարարված ժամին միության առջեւ էին հավաքվել բազմաթիվ երիտասարդներ, ինչպես նաեւ «Սարդարապատ» շարժման անդամները, որոնք բացօթյա ասուլիս անցկացրին: Իսկ նախատեսված միջոցառումն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ «Կենաց տուն» մշակութային տանը:Հասկանալի է, որ Ճարտարապետների միության ղեկավարությունը նման որոշում ինքնուրույն չէր կայացրել։ Միջոցառումը անցկացնելու արգելքը ուղղակիորեն իջեցվել էր նախագահական նստավայրից։
Հայաստանի վարչախումբը, իրեն հատուկ գործելաոճով, Հայաստանում կրկին ոտնահարում է մարդկանց հավաքներ անցկացնելու տարրական իրավունքը։
Ընդամենը մեկ օր առաջ Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունեցող Սերժ Սարգսյանը հպարտությամբ «օճառի պղպջակներ էր» բաց թողնում, նշելով ռեժիմի «ձեռքբերումները» «…Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարեւորությունը եղել եւ մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը... Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն… Մեր երկիրը լրջորեն ու անդառնալիորեն իր կենսակերպը համահունչ է դարձրել ժողովրդավար եւ ազատական աշխարհի կանոններին…»:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը այս ամենը դիտարկում է որպես ժողովրդավարության տարրական արժեքների ոտնահարում։
Կազանի հանդիպումից առաջ, աննախադեպ ճնշումների պարագայում, վարչակարգը չունենալով ներքին համոզվածություն եւ ինքնավստահություն, փորձում է խոչընդոտել իրենց կողմից չվերահսկվող քաղաքական ուժերի գործունեությունը, հույս ունենալով պահպանել իշխանությունը ազգակործան որոշման ստորագրելու պարագայում։
Իշխանությունների այս արգելքը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ընդդիմադիր դաշտի, լրատվամիջոցների կողմից, քանի որ վաղ թե ուշ յուրաքանչյուր իրական ընդդիմադիր միավոր հաստատապես հայտնվելու է նույն խոչընդոտների առաջ։
Ռեժիմը կրկին բացահայտ ձեռնոց է նետել հայ հասարակությանը»:




























