Nexta Telegram ալիքի ստեղծող Ռոման Պրոտասեւիչը դեռ Աթենքից մեկնելուց առաջ նկատել էր, որ իրեն հետեւում են, գրում է «Լենտա»-ն:
Ինչպես պատմել է ինքը` Պրոտասեւիչը, Աթենքի օդանավակայանում թռիչքից առաջ բաց գույնի տաբատով, վերնաշապիկով եւ կաշվե պայուսակով միջին տարիքի մի տղամարդ սկսել էր «անառողջ ուշադրություն» ցուցաբերել իր նկատմամբ:

Լրագրողի խոսքով` իրեն հետեւողը ռուսերեն էր խոսում, նա ձգված էր եւ ճաղատ գլխով: Պրոտասեւիչը նշել է, որ սկզբում անհայտ անձը փորձել է նկարահանել իր փաստաթղթերը, իսկ հետո հեռացել է` չնայած հաջորդն էր փաստաթղթերի ստուգման հերթի մեջ:

Մայիսի 23-ին Վիլնյուս ուղեւորվող Ryanair-ի ինքնաթիռն ականի մասին հաղորդումից հետո արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում: Օդանավում գտնվող Պրոտասեւիչը ձերբակալվել էր: Բելառուսում նրան մահապատիժ է սպառնում:

Բելառուսում 2020 թվականի օգոստոսի նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերը լուսաբանող Nexta նախագիծն օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն էր ճանաչվել եւ արգելվել էր, իսկ դրա ստեղծողները` Ստեպան Պուտիլոն եւ Ռոման Պրոտասեւիչը ընդգրկվել էին ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: 

Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաեւ երկրի պետական ​​պաշտոնյաների եւ անվտանգության աշխատակիցների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասել է, որ ինքնաթիռը, որում գտնվում էր Պրոտասեւիչը, հարկադրված վայրէջք է կատարել Մինսկում: Ըստ ՏԱՍՍ-ի` Նաուսեդայի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Բելառուսական ռեժիմի ենթակայության տակ գտնվող ծառայությունները Վիլնյուս թռնող ուղեւորատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել Մինսկում»:
Այս կապակցությամբ Նախագահը դիմել է միջազգային կառույցներին.

«Ես դիմում եմ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ դաշնակիցներին` կոչ անելով անհապաղ արձագանքել բելառուսական ռեժիմի կողմից սպառնալիքին միջազգային քաղաքացիական ավիացիային»:

Նաուսեդան պահանջել է նաեւ ազատ արձակել Պրոտասեւիչին, ով ձերբակալվել էր Մինսկում ինքնաթիռի վայրէջքից հետո: «Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ձերբակալված անձին, որպեսզի նա կարողանա շարունակել իր ուղեւորությունը Վիլնյուս»,- ասել է Լիտվայի նախագահը: