Արկտիկական սառույցները, հավանաբար, տաքացման առաջին զոհերից մեկը կդառնան. հավանականությունը, որ ամռանը սառույցը լիովին կհալվի, 10 անգամ ավելի կլինի, եթե Երկիրը նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատությամբ միջինը երկու աստիճանով տաքանա, գրում է Hightech+-ը։
«Արկտիկան կլիմայի տաքացման իսկական թեժ կետ է»,- ասել է Դանիայի եւ Գրենլանդիայի երկրաբանական ինստիտուտի սառցադաշտաբան Ջեյսոն Բոքսը: Հարյուր տարուց էլ քիչ ժամանակում՝ 1971-2019 թվականներին, Արկտիկայում միջին տարեկան ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի աճել է 3,1 աստիճանով, մինչդեռ ամբողջ մոլորակի վրա նույն ցուցանիշն աճել է 1 աստիճանով:
Արկտիկական մոնիթորինգի եւ գնահատման ծրագրի (AMAP) իրականացման աշխատանքային խումբը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույց է պատրաստել: Ըստ զեկույցի, շրջադարձային պահը եղել է 2004 թվականին, երբ Արկտիկայի տարածքում ջերմաստիճանը բարձրացավ անհասկանալի պատճառներով: Այդ ժամանակից ի վեր աճը շարունակվում է մոտ 30%-ով ավելի արագ, քան նախկինում էր: Տարածաշրջանը տաքացման ավելի ու ավելի երկարատեւ շրջաններ է ապրում, իսկ օվկիանոսի ջերմությունը սրում է իրավիճակը ամռան ամիսներին:
Հեղինակները կանխատեսում են, որ դարավերջին Արկտիկայում միջին ջերմաստիճանը կբարձրանա նվազագույնը 3,3 աստիճանով եւ առավելագույնը 10-ով` 1985-2014 թվականների համեմատ, կախված ածխաթթու գազի արտանետումները կանխելու հաջողությունից: Տաքացման հետեւանքները կանդրադառնան Արկտիկայի էկոհամակարգի վրա, այդ թվում՝ կենդանիների բնակավայրերի եւ նրանց փոխհարաբերությունների վրա: Բացի այդ, անտառային հրդեհները կուժեղանան, օրինակ՝ Սիբիրում: Իսկ դրանք, իրենց հերթին, կդառնան CO2-ի էլ ավելի մեծ արտանետումների աղբյուր:
Այս ամենը կանդրադառնա տարածաշրջանում ապրող 4 միլիոն բնակչության, առաջին հերթին՝ բնիկների վրա: Նրանք արդեն հայտնում են, որ փոկերի որսը դժվարանում է, վայրի կենդանիների առողջությունը վատթարանում է, ձկների եւ ծովային կենդանիների մեջ ավելի ու ավելի շատ են որդեր հանդիպում: Բարձր խոնավության եւ անձրեւի տեսքով տեղումների պատճառով եղնիկները սատկում են: Վերջապես, սառցադաշտերի հալվելը բարձրացնում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը եւ ազդում Հյուսիսային բեւեռից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող մարդկանց կյանքի վրա:





























