Չինական Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնական 2019 թվականի նոյեմբերին ծանր հիվանդ են եղել եւ դիմել են բժշկական օգնության, ինչը «քաշ է ավելացնում» լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի առկայության մասին հետաքննություն անցկացնելու կոչերին, գրում է Wall Street Journal-ը` վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները:
2019-ի դեկտեմբերին հենց Չինաստանի Ուհանում էր առաջին անգամ արձանագրվել SARS-CoV-2 կորոնավիրուսի բռնկումը: Հրապարակման համաձայն՝ դեռ 2019-ի նոյեմբերին Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնական «այնքան հիվանդ էին, որ բժշկական օգնության էին դիմել հիվանդանոցում», հայտնում է «Փրայմ»-ը:
Ըստ պարբերականի`տեղեկատվությունը, որ համավարակի բռնկումից անմիջապես առաջ «կորոնավիրուսի հետ աշխատող նույն թիմի անդամները հոսպիտալացվել են համանման ախտանիշներով», կարող է կարեւոր լինել:
Տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «ԱՄՆ-ն շարունակում է շահարկել լաբորատորիայից (կորոնավիրուսի) արտահոսքի տեսությունը»: Չինաստանի ԱԳՆճ-ում հարց են ուղղել` արդյո՞ք ԱՄՆ-ն իսկապես մտահոգված է վիրուսի առաջացման աղբյուրի հարցով, թե «փորձում է շեղել ուշադրությունը»:
Մայիսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի հանրապետականները հայտարարել էին «հիմնավոր ապացույցների» մասին առ այն, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է պայմանավորված լինել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքով: Մասնավորապես, հանրապետականները մատնանշել էին 2019-ի աշնանն Ուհանի լաբորատորիայի մի շարք հետազոտողների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշների ի հայտ գալուն եւ լաբորատորիայում չինացի զինվորականների ներգրավմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտ ամսին հրապարակել էր կազմակերպության փորձագետների միջազգային խմբի` Ուհան քաղաք կորոնավիրուսի ծագումը պարզելու համար այցի մասին զեկույցի ամբողջական տարբերակը, որում ընդգծվել էր, որ COVID-ի արտահոսքը լաբորատորիայից «ծայրահեղ քիչ հավանական է»: Զեկույցում նաեւ ասվում է, որ կորոնավիրուսի նոր տեսակը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկներից մեկ այլ կենդանու միջոցով: COVID-ի ծագման մեկ այլ տարբերակ` կենդանուց ուղիղ մարդուն փոխանցման միջոցով, մասնագետները ավելացրել են «հնարավորից հավանական» վարկածների ցանկում: ԱՀԿ առաքելությունը նաեւ «հնարավոր» տարբերակ էր անվանել COVID-ի փոխանցումը սառեցված սննդի միջոցով:
Միացյալ Նահանգները եւ 13 այլ երկրիր հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ` մտահոգություն հայտնելով ԱՀԿ զեկույցի միջազգային թիմի այցի արդյունքների վերաբերյալ եւ ընդգծելով COVID-19-ի ծագման «թափանցիկ եւ անկախ» հետաքննության անհրաժեշտությունը:





























