Արցախից տեղահանվածներն այսօր՝ մայիսի 24-ին, բողոքի ակցիա են իրականացրել  Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

Նրանք Ֆրանսիային խնդրում են՝ վերացնել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների ռազմակալումը, որպեսզի շուշեցիները, քաշաթաղցիները, հադրութցիները, քարվաճառցիները վերադառնան իրենց բնակավայրեր։

«Տեղահանվել ենք պատերազմից 10 օր հետո ու վերաբնակվել ենք Երեւան քաղաքում. Հադրութի 13 հազար 5 հարյուր բնակիչ տեղափոխվել է Հայաստանի տարբեր մարզեր։ Մենք դիմում ենք Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի օգնեն մեզ։ Հայաստանի Կառավարությանն էլ պահանջում ենք՝ կատարի այն պարտականությունները, որոնք դրված են իր առաջ։ Վերացնել Ադրբեջանի կողմից ռազմակալումը եւ բոլոր շուշեցիները, քաշաթաղցիները, հադրութցիները, քարվաճառցիները պետք է վերադառնան իրենց տարածք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Մարիամ Ավագյանը։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ այսօր ունենք ռազմակալված Արցախի Հանրապետություն. «Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած Հանրապետություն է, այն պաշտպանված էր բազում կոնվենցիաներով։ Մի քանի երկրներով հարձակվեցին ու դուրս շպրտեցին, հիմա էլ ռազմակալված տարածքներում շինարարություն են անում, ոչ մեկը ձայն չի հանում։

Այստեղ պետք են մեխանիզմներ՝ կասեցնելու ցեղասպանությունը, կասեցնելու օկուպացիան, տարատեսակ ագրեսիաները»։