Անգլիայի Բիրմինհեմ քաղաքի մերձակայքում Գրեյթ Բար շրջանից երեքամյա աղջիկը հաջողությամբ հանձնել է բարձր IQ ունեցող մարդկանց միություն ընդունվելու թեստը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով ITV-ին:
Դայալ Կաուրին երեք տարեկանում ընդունել են Mensa միություն այն բանից հետո, երբ 142 միավոր է վաստակել եւ 99,9 տոկոսով ճիշտ է պատասխանել ընդունելության թեստի հարցերին: Այս արդյունքը մոտ է Սթիվեն Հոքինգի IQ-ի ցուցանիշին, որը կազմել է 160 միավոր:
Աղջկա հայրը՝ Սարբջիթ Սինգհը, ասել է, որ մեկ տարի մեկ ամսականում նա կարողանում էր հաշվել մինչեւ 15-ը եւ գիտեր այբուբենը: Երկու տարեկան հասակում նա գիտեր բոլոր մոլորակների անունները եւ ծնողներին տալիս էր հարցեր, որոնց պատասխանելու համար նրանք ստիպված էին օգտվել որոնման ծրագրերից։
Ծնողներն աղջկան ուղարկել են Mensa-ի թեստը հանձնելու: Նրանք ապշել են իմանալով, որ իրենց դուստրը հինգ տարեկան երեխայի մակարդակով խոսելու եւ հաշվելու ունակություն ունի:
Դայալին տեղ են առաջարկել Էդջբաստոնի շրջանում գտնվող մասնավոր դպրոցում եւ զեղչել ուսման վարձերը: Բայց Սարբջիթը հայտարարել է, որ նույնիսկ զեղչի դեպքում ուսման վարձը գերազանցում է իրենց ընտանիքի հնարավորությունները: Աղջկան ուղարկել են սովորելու տեղի տարրական դպրոց: Ծնողները փորձում են նրան մի դասարան բարձր տեղափոխել, որպեսզի աղջկան հետաքրքրիր լինի սովորելը:
«Ես Դայալի հետ միշտ խոսել եմ ինչպես մեծահասակի հետ, եւ անկախ նրանից, թե ինչ էի ասում նրան, նա ինձ հասկանում էր»,- նշել է տղամարդը: Նրա խոսքով՝ դուստրը դիտում է մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր եւ հասկանում է սյուժեն ու կատակները:





























