«Մեծ յոթնյակի» երկրները մոտ են տրանսազգային կորպորացիաների կորպորատիվ հարկման շուրջ համաձայնության հասնելուն, ինչը մինչեւ տարեվերջ ճանապարհ կհարթի համաշխարհային գործարքի համար, գրում է Financial Times-ը:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները համաձայնեց ընդունել առնվազն 15% նվազագույն դրույքաչափը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան հայտարարեցին, որ նոր առաջարկը լավ հիմք է մինչեւ հուլիս միջազգային գործարքի կնքման համար:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ողջունում է լուծում գտնելու Միացյալ Նահանգների ձգտումը, բայց ԱՄՆ առաջարկի վերաբերյալ հստակ մեկնաբանություն չի արել:

Ըստ FT-ի՝ G7-ի գործարքը կարող է համաձայնեցվել արդեն այս ուրբաթ, այն բանից հետո, երբ վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաները առաջընթացի են հասել: «Աշխարհն ավելի քան երբեւէ մոտ է համաշխարհային նվազագույն հարկին»,- ավելի վաղ ասել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Գրեթե 140 երկրներ մտադիր են այս ամռանը լայն համաձայնության գալ` տրանսազգային խմբերի եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպիսիք են Alphabet Inc-ը եւ Facebook Inc.-ը, հարկման կանոնները վերանայելու հարցում: