Ոստիկանության Մասիսի բաժին հունիսի 24-ին ժամը 01:35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել վրարեթ եւ տուժողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Մկրտչյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան-Արտաշատ ճանապարհի Այնթափ գյուղի տարածքում 26-ամյա Գրիգոր Սիմոնյանը վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի 16 ՍՕ 974 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 25-30 տարեկան մի երիտասարդի: Սիմոնյանը նրան իր մեքենայով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա` հեռացել:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Գրիգոր Սիմոնյանին եւ վրաերթ կատարած ավտոմեքենայով բերման ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ: Ոստիկանության Մասիսի բաժնի քննչական բաժանմունքում ձեռնարկվում են միջոցառումներ, պարզելու համար տուժած քաղաքացու ինքնությունը:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























