Իսրայելական ձեռնարկությունները 1,2 միլիարդ շեկել (368 միլիոն դոլար) են կորցրել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 11 օրվա ռազմական գործողությունների ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելի արտադրողների ասոցիացիան, որը ներկայացնում է մոտ 1500 ձեռնարկություն եւ 400000 աշխատողի, հայտարարել է, որ կորուստները հիմնականում կապված են Գազայի կողմից անընդմեջ հրթիռակոծության պատճառով աշխատակիցների տանը մնալու հետ:
Ասոցիացիայի տվյալներով՝ բանվորների մոտ մեկ երրորդը բացակայել է աշխատանքից Իսրայելի հարավում, իսկ մոտ 10%-ը Իսրայելի կենտրոնին մոտ գտնվող տարածքներում տանն է մնացել:
«Դա հանգեցրել է արդյունաբերական արտադրության զգալի անկման, վաճառքի նվազման եւ եկամտին հասցված ուղղակի վնասի»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի կառավարությունը դեռ չի հրապարակել մայիսի 10-21-ը տեղի ունեցած հակամարտության վնասի գնահատումը:
Արտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ իսրայելական հիսուն գործարաններ տուժել են հրթիռային բեկորների ուղղակի հարվածներից:
Իսրայելի կենտրոնական բանկը գնահատում է, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 2014թ․ վերջին խոշոր մարտերի ընթացքում, որոնք տեւել են յոթ շաբաթ, երկրի տնտեսությունը կրել է 3,5 միլիարդ շեկելի վնաս, գումարած նույնպիսի վնաս է հասցվել զբոսաշրջության ոլորտին:
Ասոցիացիայի նախագահ Ռոն Թոմերը կառավարությանը կոչ է արել ստեղծել փոխհատուցման մշտական սխեմա, որն ավելի արդյունավետ կօգնի բիզնեսին ռազմական գործողությունների հետագա փուլերում:
Իսրայելի տնտեսությունը սկսում է վերականգնվել կորոնավիրուսի համավարակից հետո՝ պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ ապրիլին գործազրկության մակարդակը 7,9% է կազմել, իսկ մյուս տվյալները ազդարարում են թափուր աշխատատեղերի աճի մասին: Ակնկալվում է, որ 2021-ին աճը կկազմի 4-7%՝ 2020-ի 2,6% կրճատումից հետո:




























