Իսրայելի կառավարությունը պայմանագիր է ստորագրել Amazon Web Services-ի (AWS) եւ Google-ի հետ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի շուրջ` պետական ​​սեկտորին եւ երկրի զինված ուժերին ամպային ծառայություններ տրամադրելու համար, հաղորդել է Reuters-ը:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ մոտ երկու ամիս անց ակնկալում են սկսել տվյալների տեղափոխումը ամպային տարածություն, որը, սակայն, չի լինի կենտրոնացված համակարգ, քանի որ կա երկու մատակարար, եւ որոշ տվյալներ չեն պահպանվի ամպային տարածությունում:

Նախագծի չորս փուլերը ներառում են ամպային ենթակառուցվածքի ձեռքբերում եւ ստեղծում, ամպային միգրացիայի, ինտեգրման եւ միգրացիայի պետական քաղաքականության ձեւավորում, ինչպես նաեւ ամպային գործունեության վերահսկում եւ օպտիմիզացում:  

Նախարարությունից հայտնել են, որ Nimbus-ը բազմամյա նախագիծ է, որը կոչված է համալիր լուծում տալ կառավարությանը, պաշտպանության համակարգին եւ տնտեսական այլ խմբերին ամպային ծառայություններ մատուցելու հարցին:

Գործարքի պայմանների համաձայն՝ Google-ը եւ Amazon-ը պարտավորվում են փոխադարձ գնումներ եւ արդյունաբերական համագործակցություն իրականացնել Իսրայելում` պայմանագրի արժեքի 20 տոկոսի չափով: