«Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիան մայիսի 18-21-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանում հեռախոսային հարցումներ է իրականացրել 800 անձանց շրջանակում։

Ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ առաջատար կուսակցությունները մի քանիսն են, առաջինը «Իմ քայլը» դաշինքն է՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին, նրանք գրանցել են 24.8 տոկոս ցուցանիշ։ Երկրորդը «Հայաստան դաշինքն է», որը գրանցել է 14.3 տոկոս։ Երրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 4.3 տոկոսով։ Նրանց հետեւում է 3.1 տոկոսով «Պատիվ ունեմ» դաշինքը, 5-րդ տեղում «Հայրենիք» կուսակցությունն է 2.5 տոկոսով, «Լուսավոր Հայաստանը» 2 տոկոս է գրանցել։

Համեմատելով մեկ ամիս առաջ իրականացված հարցման տվյալների հետ՝ նա նշել է, որ «Իմ քայլը» դաշինքինը այն ժամանակ ուներ 27.2 տոկոս։

«Այսինքն, մենք ունենք մոտ 2.5 տոկոս նվազում այս ուժի մոտ եւ զգալի աճ՝ «Հայաստան» դաշինքի մոտ։ Նրանք նախկինում ունեին 8.1 տոկոս, հիմա արդեն 14.3 տոկոս։ Կարծում եմ, սա զգալի աճ է։ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի մոտ նույնպես որոշակի աճ կա, որը սակայն այդքան էլ զգալի չէ։ Զգալի աճ է գրանցել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, որը 1 տոկոսից հասել է 2.5 տոկոսի»։

Նավասարդյանն ասել է, որ հարցումն անցկացվել է այն շաբաթվա ընթացքում, երբ արձանագրվեց ադրբեջանական ուժերի ներթափանցումը Սյունիքի եւ Գեղաքունիքի մարզեր։

«Անկեղծ ասած՝ իմ տպավորությամբ այդ անկումն ավելի էական պետք է լիներ, հաշվի առնելով նախորդ շաբաթվա իրադարձությունները, բայց սա այն է, ինչ գրանցել ենք։

Այն խնդիրները, որ առաջացան ադրբեջանական ուժերի ներխուժումով դեպի հայկական տարածք, այն անգործությունը, որը ցուցաբերեց իշխանությունը եւ վտանգի գործոնի մեծացումը հանգեցրեց նրան, որ իշխող ուժի ռեյտինգը նվազել է ու ի հակադրություն դրան բարձրացել է «Հայաստան» դաշինքի վարկանիշը, որովհետեւ որպես իշխող ուժին հիմնական հակադրվող ուժ՝ հենց «Հայաստան» դաշինքն է նշվում, քանի որ անվտանգային խնդիրները գնալով Հայաստանում մեծանում են, իսկ Ռոբերտ Քոչարյանը իր խարիզմայով ու ընկալմամբ՝ ավելի մոտ է անվտանգային խնդիրների լուծմանը, որպես նաեւ ռազմական ղեկավար»։

Նա նաեւ տեղեկացրել է, որ նախորդ հարցումները կատարվել էին այն ժամանակահատվածում, երբ տեղի էր ունեցել «Հայաստան» դաշինքի մեկնարկը եւ հանրահավաքը, այդ ամենն, ըստ էության, արտացոլվել է նրանց ցուցանիշի վրա։

Անդրադառնալով քաղաքական գործիչների գնահատականին՝ նա տեղեկացրել է, որ միակ պետական գործիչը, որ դրական տիրույթում է գնահատական ստացել՝ դա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է եղել, նա ստացել է 3.9 բալ, մնացած բոլոր գործիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը բացասական տիրույթում գնահատական։

Մասնավորապես, Փաշինյանը ստացել է 2.5 բալ, Ռոբերտ Քոչարյանը 2.1 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.1 բալ, ԲՀԿ եւ ԼՀԿ առաջնորդները՝ 1.7 բալ։

Նա նաեւ տեղեկացրել է, որ հարցում են իրականացրել նաեւ պարզելու համար, թե ինչպիսին է ընկալումը Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների ընկալման տեսանկյունից։ Բնակիչների 20 տոկոսը հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում ապրելն անվտանգ է, պատասխանել է, որ «Միանշանակ անվտանգ է», «Ավելի շուտ անվտանգ է»՝ ասել է 20.6 տոկոսը։

«Ավելի շուտ անվտագ չէ» նշել է 27.5 տոկոսը եւ «Ընդհանրապես անվտանգ չէ» նշել է 28.5 տոկոսը։

«Այսպիսի ցուցանիշներ մենք ստանում ենք առաջին անգամ։ Հետեւաբար, պետք է հասկանալ, որ կտրուկ է փոխվել այս անվտանգային խնդիրների ընկալումը Հայաստանում, որովհետեւ մինչեւ հիմա ինչ եղել է՝ տեղի է ունեցել՝ Արցախում, Արցախի շուրջ ու Հայաստանը ՀՀ քաղաքացիների մոտ ընկալվում էր որպես վայր, որը ոչ մի կերպ խնդիր չի հարուցելու։

Անցած շաբաթվա եւ դրանից առաջ տեղի ուեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ այսօր արդեն անվտանգության խնդիրը կա նաեւ հենց Հայաստանում»։