Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը եւ վերջին օրերի զարգացումները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները եւ նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորում է նաեւ ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին եւ որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։