Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանը, նրա խոսքով, այսօր էյֆորիայի ալիքի վրա է՝ կապված ռազմական եւ դիվանագիտական հաջողությունների հետ, այլապես չէր ձեռնարկի գործողություններ Հայաստանի հետ սահմանին, այն է՝ միակողմանի առավելությունների հասնելու ամեն տեսակ փորձեր։ «Ադրբեջանի դաշնակիցն այս հարցում՝ Թուրքիան, ոգեշնչելու է, եւ ոչ միայն, ինչպես անում էր նաեւ նախկինում»,- ավելացրել է պատգամավորը։




























