Ավստրալիան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի վերջնական դուրսբերումից առաջ, անվտանգության նկատառումներից ելնելով, փակում է Քաբուլում իր դեսպանատունը, հաղորդում է AP-ն:

Աֆղանստանի մայրաքաղաքում մի շարք այլ դեսպանություններ երկրորդ կարգի աշխատակիցներին տուն են ուղարկել, զգուշացրել են իրենց քաղաքացիներին չայցելել Աֆղանստան եւ արդեն երկրում գտնվողներին հորդորել են դիտարկել հեռանալու հնարավորությունը:

Մի քանի դեսպանություններ, որոնց հետ Associated Press-ը կապ է հաստատել, հրաժարվել են իրենց ծրագրերի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել, բայց շատերը կրճատել են երկրորդական անձնակազմը: Այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը:

2500-3500 ամերիկյան զորքերից եւ ՆԱՏՕ-ի 7000 դաշնակիցներից վերջինները կհեռանա մինչեւ սեպտեմբերի 11-ը, ինչը մտավախություն է առաջացնում, որ կարող է Քաբուլում քաոսը խորանալ:

Աֆղանստանի մայրաքաղաքում դեսպանատները տեղակայված են, այսպես կոչված, Կանաչ գոտում, որը առավել պաշտպանված է համարվում:

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր վրա է վերցրել դեսպանությունների անվտանգության ապահովման պարտավորությունը: Բայց կա տարածված մտահոգություն, թե կարող է արդյոք կառավարությունը ապահովել նման պաշտպանություն մի քաղաքում, որտեղ տիրում են ապօրինությունները, գործում են հանցավոր խմբավորումներ եւ ապստամբական գործողություններ են կատարվում: