ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նախատեսում է հունիսին Ժնեւում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Բելառուսում տեղի ունեցած Ryanair-ի միջադեպը եւ Ուկրաինային վերաբերող հարցեր: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Պատասխանելով հանրապետականների քննադատություններին այն մասին, որ Բայդենը համաձայնել է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, չնայած վերջինիս «սադրիչ պահվածքին տարածաշրջանում», Փսակին ասել է, որ նման գնահատական տալը սխալ է: «Միացյալ Նահանգների նախագահը չի վախենում մեր հակառակորդներին հակազդելուց եւ օգտագործում է անձնական դիվանագիտություն իր մոտ մտահոգություն առաջացնող ոլորտները բացահայտելու եւ գտնելու համար համատեղ աշխատելու հնարավորություններ այն ոլորտներում, որտեղ ունենք փոխադարձ համաձայնություն», - ասել է Փսակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել են, Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 16-ին Ժնեւում:





























