Արարատի գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը հերքում է տեղեկությունները, թե իրեն քաղաքապետի առաջիկա ընտրություններում հովանավորում եւ սատարում են Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
«Ինձ հովանավորում է արարատցին, իմ ընտրողը: Նշված անձինք պետական պաշտոնյաներ են, Հ. Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը մեր երկրացիներն են, իսկ մարզպետի հետ ծանոթ եմ դեռ 1990-ական թվականներից, երբ Հայաստանը պատերազմական իրավիճակում էր»,- ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ հարցազրույցում ասել է նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունների օրն Արարատում հնչեն կրակոցներ, Բաբայանը վստահ պատասխանեց. «Արարատում ոչ մի ընտրության ժամանակ երբեւէ կրակոցներ չեն հնչել, իսկ ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը պարզ կլինի, թե արարատցին ում է տվել իր քվեն»: Նրա խոսքով, եթե իր մրցակիցը` Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը ընտրվի, ապա ինքը տղամարդավարի կշնորհավորի նրան:
Ա. Բաբայանը կասկած հայտնեց, թե իր հաղթանակի դեպքում, Հ. Թովմասյանը կշնորհավորի իրեն:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























