Վատիկանին դատի են տվել այն բանի համար, որ հռոմեացի նկարչուհու աշխատանքն առանց թույլտվության օգտագործել է փոստային նամականիշի համար, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Associated Press-ին:

2019թ․ նկարիչ Ալեսսիա Բաբրոուն Վատիկանի մերձակա կամուրջներից մեկի վրա նկարել էր Քրիստոսի ոճային կերպարը: 2020թ․ նրա աշխատանքը հայտնվել էր Զատկի փոստային նամականիշի վրա, որը Վատիկանն էր թողարկել:

Երբ Բաբրոուն իմացել է, որ իր աշխատանքն օգտագործվել է Վատիկանի փոստային նամականիշերի համար, նրա փաստաբանները նամակներ են ուղարկել Վատիկանի ֆիլատելիստական եւ դրամագիտական գրասենյակ՝ նշելով, որ նկարի հեղինակը Բաբրոուն է: Սակայն ապրանքանիշի օգտագործման պայմանները քննարկելու նկարչուհու խնդրանքին պաշտոնական պատասխան չի տրվել, որից հետո նա դիմել է դատարան: Բաբրոուն գրեթե 130 000 եվրոյի փոխհատուցում է պահանջում:

Բաբրոուի փողոցային ստեղծագործությունն արվել է 19-րդ դարի գերմանացի նկարիչ Հենրիխ Հոֆմանի հայտնի ստեղծագործության ազդեցությամբ, սակայն նկարիչը Քրիստոսի մարմնին տեղադրել է մարդկային սիրտ, որի վրա գրաֆիտիի ոճով գրված է «just use it» («պարզապես օգտագործիր այն»): Նույն անվանումով ստեղծագործությունների շարքը ներառում է Բուդդայի, հինդուական Գանեշա աստծո եւ Մարիամ Աստվածածնի պատկերները, որոնք կարելի է գտնել Հռոմում: