Գյումրիի «Չերքեզի ձոր» կոչվող թաղամասի ավելի քան 200 տնտեսություն հայտնվել է անելանելի վիճակում: Նախ նրանց զգուշացրել են, որ իրենց զբաղեցրած տարածքն անհապաղ պետք է ազատեն, քանի որ տարածքի կառուցապատումը հակասում է բնապահպանական նորմերին: Հետո ասել են, թե պիտի սեփականաշնորհեն, եկել են, գումարներ հավաքել ու գնացել, հիմա էլ պահանջում են կա’մ սեփականաշնորհման փաստաթուղթ ներկայացնել, կա’մ տարածքն ազատել:
«Մենք անգամ չէինք էլ կարող պատկերացրել, որ 60-70 տարի առաջ մեծ դժվարությամբ կառուցելով մեր սեփական բնակարանները, երբեւէ տարածքն ազատելու խնդրի առաջ կկանգնենք: Բա որ կառուցում էինք էն ժամանակ, ինչո՞ւ ձեռքներս բռնող չկար, ո՞վ է էդ որոշումը կայացրել, ի՞նչ է սա նշանակում»,-բողոքում են թաղի բնակիչները, ովքեր այդ խնդրով դիմել են նաեւ Կառավարությանը:
Կառավարությունից պատասխան է եկել, որ կա’մ բնակիչները պետք է սեփականացնեն տները, կա’մ էլ պետք է ազատեն այդ տարածքը: Թաղամասի բնակիչներով որոշել են սեփականացնել բնակարանները:
«Կառավարությունը համապատասխան հանձնաժողով ուղարկեց Գյումրի: 200 տնտեսություն գումար է հավաքել տվել, որ գան սեփականացնեն, հիմա չկան ոչ իրենք, ոչ սեփականության վկայագրերը, ոչ մեր գումարները, հետո էլ ասում են` տարածքն ազատեք»,-դժգոհել են բնակիչները:
Հանձնաժողովի անդամները «Չերքեզի ձորում» չափագրումներ արել են մոտ մեկ տարի առաջ: Ապրողներից տարբեր չափերի գումարներ են պահանջել, հավաքել ու խոստացել, որ փաստաթուղթ կտրամադրեն, որը կապացուցի օրինական բնակարան ունենալու բնակիչների իրավունքը: Վերջիններիս համար սա ոչ միայն գայթակղիչ առաջարկ էր, այլ նաեւ խնդրի լուծման ամենահարմար տարբերակը:
Թաղամասի 200 ընտանիքների մեծ մասը վստահել է երեւանյան հանձնաժողովին: Յուրաքանչյուր ընտանիք մինչեւ 30 հազար դրամ է վճարել, բայց տեղյակ չէ, թե այդ գումարներն ինչ նպատակի են ծառայել: Մեկ շաբաթ այս տարածքում աշխատանքներից հետո երեւանցի հյուրերը հեռացել են թաղամասից:
Բնակիչներին հիմա ամենաշատը մտահոգում է այն, թե ինչպես են ապացուցելու, որ իրենք վճարումներ են կատարել ու օրինական բնակարան ունենալու համար փաստաթղթերի են սպասում: Հիմա փաստացի նրանք համարվում են տարածքի ոչ օրինական սեփականատերեր:



























